ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Լեռնային Ղարաբաղ՝ Փարիզը նորից է միջնորդություն առաջարկում

Լեռնային Ղարաբաղ՝ Փարիզը նորից է միջնորդություն առաջարկում
26.03.2017 | 11:46

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն հետաքրքիր, բաց հակասական հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: «Եթե կողմերը կցանկանան շարունակել բանակցությունները և խաղաղության համաձայնագիր ստորագրել, Ֆրանսիան պատրաստ է հանդիպումը կազմակերպել,- ընդգծել է Էյրոն:- Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որպեսզի աջակցի Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների ճանապարհով կոնֆլիկտի խաղաղ կարգավորման որոնումներում: Այդպիսի կոնֆլիկտները կարող են լուծվել միան դիվանագիտության միջոցով»: Գուցե Փարիզում նման ցանկություն առաջացավ, երբ մարտին նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտները: Բայց նոր նախաձեռնության մեջ նախ և առաջ հասկանալի չէ հանդիպման ձևաչափը: Հիշեցնեմ, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում կազմակերպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ: Մեկ այլ հանդիպում՝ Սանկտ Պետերբուրգում, հունիսի 20-ին, անցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ և համանախագահների ներկայությամբ: Այդ պատճառով՝ հասկանալի չէ՝ նշանակո՞ւմ է Էյրոյի հայտարարությունը, որ Ֆրանսիայի նախագահը որոշել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական հերթափոխը վերցնել իր ռուս գործընկեր Պուտինից կամ կընտրվի վիեննական տարբերակը և հանդիպմանը կհրավիրվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները: ՈՒշադրություն դարձրեք Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքին. «Եթե կողմերը ցանկանան շարունակել բանակցությունները»: Բանակցությունները ընդհատվել են, որովհետև Բաքուն հրաժարվում է իրավաբանական ուժ տալ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, որ նախատեսում են հակամարտող կողմերի շփման գծում վերահսկողության համակարգերի ու միջազգային դիտորդների ինստիտուտի հայտնությունը:

Գուցե այդ ուղղությամբ ինչ-որ փոփոխություն է եղել հակամարտ կողմերի դիրքորոշումներում, որ Փարիզին հնարավորություն է տվել հերթական միջնորդական նախաձեռնության հայտարարություն անել: Բայց ի՞նչ: Էյրոն խոսում է «խաղաղության համաձայնագրի ստորագրման» հնարավորության մասին: Հասկանալի չէ՝ խոսքը Բաքվի ու Երևանի միջև ինչ-որ նո՞ր փաստաթղթի պատրաստման մասին է, թե՞ նկատի է առնվում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրավաբանական ձևակերպումը, այսինքն՝ այն, ինչ չհաջողվեց անել ՌԴ նախագահի միջնորդական ջանքերով:


Եվս մեկ տարօրինակություն: Այս հոդվածը գրելու պահին Բաքվում ու Երևանում պաշտոնական մակարդակով չեն արձագանքել Փարիզի առաջարկին: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզում ասում էր, որ բանակցությունները պետք է վերսկսվեն «որքան հնարավոր է շուտ» և Հայաստանին կոչ էր անում «չխուսափել բանակցություններից»: Բայց հիմա նա լռում է: Հայտնի է միայն, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդին: ԵԱՀԿ ՄԽ դերի, իբրև «Լեռնային Ղարաբաղի գոտում պատերազմի վերսկսումը կանխող միակ միջոցի» մասին խոսել է և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին: Այդ դիրքորոշումը համահունչ է ռուսականին: Այդ պատճառով, կարծում եմ, այս պահին Փարիզը, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման առաջարկով նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի զսպման մեխանիզմների քաղաքական բաղադրիչը, ոչ մի քայլ չնահանջելով կարգավորման բանաձևի որոնումներից, որ կատարվում են Մինսկի խմբի ձևաչափում:
Բացի այդ՝ տարածաշրջանում տեղի են ունենում ինտրիգային քաղաքական տրանսֆորմացիաներ: Եթե 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանում, ինչպես և Թուրքիայում, սկսեցին ամրապնդել նախագահական «իշխանության ուղղահայացը», Հայաստանը կիսանախագահականից լողում է դեպի խորհրդարանական հանրապետություն: Ֆրանսիան էլ քաղաքական մեծ փոփոխությունների նախօրեին է և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ նրա քաղաքականության մեջ միշտ եղել է ու կա չբարձրաձայնվող «երկրորդ բաղադրիչ»: Մի խոսքով՝ կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների առումով ստանդարտ իրավիճակ է՝ հակամարտող կողմերը փոխզիջումային լուծումների պատրաստակամություն ցույց չեն տալիս, իսկ միջնորդները առաջարկներ են անում, բայց մտադիր չեն, համենայն դեպս առայժմ, ճնշում գործադրել Երևանի ու Բաքվի վրա: Ոչ ոք չգիտի՝ որքա՞ն կպահպանվի այսպիսի իրավիճակը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Գուցե Ժան Մարկ Էյրոն պարզապես մի քիչ ուշացել է իր առաջարկով՝ հաջորդ կիրակի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, և այդ մակարդակի հանդիպման համար պարզապես ժամանակ չկա նախապատրաստվելու, իսկ ընտրություններից հետո սկսվելու է իշխանության կազմավորման գործընթաց: Ճիշտ է՝ բանակցողը նախագահն է, որ չի փոխվում, բայց նախագահի ներկայությունը երկրում անհրաժեշտություն է: Սա` մի կողմից, մյուս կողմից՝ ԼՂ հարցով բանակցությունները կարող են ուղղակի ներգործություն ունենալ շփման գծում իրավիճակի վրա՝ սովորաբար Ալիևը սիրում է բանակցությունների ավարտին կրակել, կարող են ազդել և ընտրության արդյունքների վրա՝ քիչ, բայց կարող են: Բնականաբար՝ ընտրություններից առաջ ՀՀԿ նախագահը փոխզիջումի, առավել ևս սուբստանտիվ թեմաների քննարկման ցանկություն չի ունենա: Առավել ևս որ երեկ նա հայտարարեց. «Նախանցած ապրիլին մենք սրբադասեցինք 1,5 միլիոն մեր նահատակներին։ Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարևանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը»։ «Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ ՈՒ դա հարևան երկրում շատ լավ գիտեն։ Մենք այլևս երբեք միլիոնավոր նահատակների սրբադասում չենք անելու։ Հաստատ չենք անելու»: «Այո, միջազգային միջնորդների հետ միասին մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ հասնելու արցախյան հիմնախնդրի խաղաղ ու արժանապատիվ կարգավորմանը, կարգավորում, որը կարձանագրի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու անխախտ ու անվիճարկելի իրավունքը և կերաշխավորի տևական ու կայուն խաղաղություն: Բայց մենք մեր ոչ վաղ անցյալից, ապրիլյան պատերազմից գիտենք, թե սահմանի հակառակ կողմում ինչպիսի մտածողություն է տիրում և ինչ արժեքներ են քարոզվում, իրականության ու դրա հեռանկարների ինչպիսի աղճատված ու երևակայական ընկալումներ կան: Շատ պարզ ու հասկանալի հայտարարում եմ. մեր զինված ուժերը՝ մեր հավաքական պատիվն ու արժանապատվությունը, շարունակելու են իրենց պատրաստվածությամբ, սպառազինությամբ ու մարտական անգերազանցելի ոգով հակառակորդին պարտադրել խաղաղություն, եթե, Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը կրկին լինի: Թող ոչ ոք չկասկածի՝ աշխարհում հատուկենտ ժողովուրդներ կան, որ գիտեն խաղաղության գինն այնպես, ինչպես մենք: Կրկին, թող ոչ ոք չկասկածի, մենք ժողովուրդ ենք, ում արժանապատվությունը առուծախի առարկա չէ, ում անհնար է սպառնալիքով մղել քայլերի, որ հակոտնյա է մեր արժանապատվությանն ու արդար զգացումին, նաև միջազգային իրավունքի նորմերին»:
Սա, թերևս, շատ պաշտոնական պատասխան է բանակցությունները վերսկսելու պայմանների ու ժամկետի մասին:


Ֆրանսիայի ԱԳ նախարարը ուշացել է նաև այն պատճառով, որ ապրիլի վերջին նախագահական ընտրություններ են Ֆրանսիայում՝ երկրում նախագահ է փոխվելու: Թեպետ գուցե հենց դա էլ առաջարկի պատճառ է դարձել՝ մնացած մի ամսում հասցնել այն, ինչ նախկինում չստացվեց: Իսկ թե ինչո՞ւ է լռում բանակցել ցանկացող Իլհամ Ալիևը, կիմանա միայն Էլմար Մամեդյարովը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ